ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ներդրումը հայ և համաշխարհային աստղագիտության մեջ անքննելի է։

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ․ սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։Արդեն այդ տարիներին նա  հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ, իսկ 1924 թ․, ընդամենը  15 տարեկան հասակում,  Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ. այն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է  նաև Թիֆլիսում…

1947 թ․ հրատարակում է իր հայտնի աշխատանքը՝ «Աստղերի էվոլյուցիան և աստղաֆիզիկան», որում ապացուցում է, որ իր հայտնագործած աստղային համա-կարգերը՝ աստղասփյուռները, կազմված են միանման աստղերից, և դրանով է պայմա-նավորված նմանատիպ աստղերի բարձր խտությունը։ Համբարձումյանի ստացած արդյունքներով աստղասփյուռների տարիքը չէր կարող գերազանցել մի քանի տասնյակ միլիոն տարին։ Եզրակացվեց նաև, որ նույն աստղասփյուռի բոլոր աստղերը առաջացել են միասին։ Դրանով իսկ ապացուցվեց, որ մեր Գալակտիկայում աստղառաջացման պրոցեսը շարունակվում է, և ծեր աստղերի հետ միասին գոյություն ունեն նաև երիտասարդ աստղեր։ Այս աշխատանքի համար Վ.Համբարձումյանը 1950 թ․ արժանացավ պետական մրցանակի։

1944 թ․ Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում հիմնեց աստղաֆիզիկայի ամբիոնը։ Ընդամենը երկու տարի անց գլխավորեց Բյուրականի աստղադիտարանը և ղեկավարեց այն շուրջ 40 տարի։

1966 թ․ Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվեց միջազգային աստղագի-տական միության 29-րդ ժողովը, ինչը վկայում է Բյուրականի աստղադիտարանում իրականացվող հետազոտությունների կարևորության մասին։

Մինչև կյանքի վերջը Վ. Համբարձումյանը համոզված էր, որ մեր ժամանակներում նույնպես գալակտիկաներ են ծնվում։

Վ. Համբարձումյանը աշխարհի ավելի քան 30 ազգային ակադեմիաների և միջազգային կազմակերպությունների պատվավոր անդամ էր, իսկ 1958-61 թվականներին գլխավորել է միջազգային աստղագիտական ընկերությունը։ Նա երկու անգամ ընտրվել է Գիտական միությունների համաշխարհային խորհրդի նախագահ (1966-72 թվականներ)։

1993 թվականին դառնում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր նախագահ։

1994 թվականին արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման։

Մահացել է 1996 թվականի օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2,6 մ աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թվականից կրում է իր հիմնադրի անունը։

Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը՝ սետպեմբերի 18-ը, հռչակվել է աստղաֆիզիկայի օր, իսկ 1972 թվականին Ղրիմի աստղադիտարանի հայտնաբերած փոքր մոլորակը կոչվել է Համբարձումյանի անունով՝ «1905 Ambartsumyan»։

Խաղ-Վիկտորինա

1.Որտե՞ղ է ծնվել Վիկտոր Համբարձումյանը:

2.Առաջին անգամ քանի՞ տարեկանում է դասախոսություն կարդացել Վիկտոր Համբարձումյանը :

3.Մինչև կյանքի վերջը Վ. Համբարձումյանը համոզված էր, որ մեր ժամանակներում նույնպես ինչե՞ր  են ծնվում։

5.Ո՞ր աստղադիտարանի  հայտնաբերած մոլորակն են անվանել Վիկտոր Համբարձումյանի անունով։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы